Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Միայնակ խաղացող թագավորը

Միայնակ խաղացող թագավորը
06.10.2009 | 00:00

Հանրապետության նախագահի համահայկական այցի առաջին դրսևորումները, մի կողմից, բավական ոգևորիչ են հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ հանդես եկող հայաստանյան ընդդիմադիր ուժերի համար և, միաժամանակ, ոչ այնքան մխիթարիչ այդ արձանագրությունների ստորագրումը հիմնավորելու նպատակ ունեցող իշխանությունների տեսանկյունից։ Ինչպես և սպասվում էր, սփյուռքի վերաբերմունքն ամենևին էլ միանշանակ չէ։
Սերժ Սարգսյանի երկար ճանապարհի առաջին իսկ հանգրվանը՝ Ֆրանսիան, բավական պարզորոշ արտահայտեց սփյուռքում տիրող ընդհանուր տրամադրությունները։ Դահլիճային հանդիպման հրավիրված եվրոպական հայ համայնքների ներկայացուցիչների զգալի մասը կարծես թե ընդունեց կամ առնվազն մասամբ համաձայնեց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ նախագահի փաստարկներին։ Բայց խնդիրն այն է, որ այդ հանդիպմանը մասնակցեց մոտ 100 մարդ, իսկ Կոմիտասի արձանի մոտ հավաքված և բողոքի միանշանակ ձայն բարձրացնողների թվակազմը մի քանի անգամ ավելի էր։ Անշուշտ, ֆրանսահայ համայնքի բողոքի դրսևորումը չէր լինի այդքան բուռն, եթե, թերևս, չլինեին ֆրանսիական ոստիկանության գործադրած «միջոցառումները»։ Այդ տեսանյութը դիտելիս տպավորություն է ստեղծվում, որ արձանի մոտ հավաքված ժողովրդին ոստիկանությունն իր գործողություններով արդեն այնքան էր գրգռել, որ անհնար էր այդպիսի իրավիճակում տրամաբանական շփում կազմակերպել հավաքված հայերի ու նախագահի միջև։ Ըստ այդմ, դժվար է երկար ճանապարհի ֆրանսիական կանգառը իսկապես արդյունավետ գնահատել հայ-թուրքական արձանագրությունների ապագա վավերացման անհրաժեշտության տեսանկյունից։
Ըստ չեզոք և ընդդիմադիր լրատվամիջոցների մեկնաբանության, վիճակն ավելի բարվոք չի եղել հոկտեմբերի 3-ին կայացած նյույորքյան հանդիպման ժամանակ, ուր նախագահի հետ հանդիպելու էին ժամանել ԱՄՆ-ի արևելյան շրջանի և Կանադայի հայկական համայնքների ներկայացուցիչները։ Սփյուռքյան լրատվամիջոցները պնդում են, որ դահլիճում դարձյալ մոտ 100 հրավիրյալների հետ հանդիպման ընթացքում նույնիսկ համայնքների ներկայացուցիչները միանշանակ աջակցություն չեն հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քաղաքականությանը, շատերը հանդես են եկել վերապահումներով։ Իսկ դրսում մոտ 3000 հայերի երեքժամյա ցույցը կրկին ավարտվել է շենքը շրջապատած ամերիկյան ոստիկանության հետ բախումով։ Սփյուռքյան լրատվամիջոցները և հայաստանյան ընդդիմադիր ԶԼՄ-ները պնդում են, որ ինչպես Փարիզի, այնպես էլ Նյու Յորքի պարագայում երկրի ղեկավարին հազիվ թե հաջողվի հասնել այնքան ցանկալի կոնսենսուսի։ Առջևում ԱՄՆ-ի արևելյան շրջանի համայնքների հետ հանդիպումն է, որը տեղի կունենա, բնականաբար, Լոս Անջելեսում։ Մինչդեռ արդեն հոկտեմբերի 3-ին տեղի հայությունը 12-հազարանոց հանրահավաք է անցկացրել և, ամենայն հավանականությամբ, այստեղ էլ, դժգոհության մեջ, հավանություն տվողների սահմանափակ ձայներն ավելի քիչ լսելի կլինեն։
Այս ամենը հետևանք չէ միայն նախաստորագրված արձանագրությունների բովանդակության կամ դրանց ստորագրման «տեխնոլոգիայի», որն իշխանության հայաստանյան ընդդիմախոսների կողմից դեռ ապրիլի 23-ի գիշերը ստորագրված «ճանապարհային քարտեզի» հրապարակման ժամանակ բնութագրվեց իբրև «գիշերային դիվանագիտություն»։ Խնդիրն այն է, որ թուրքական կողմն անցած ողջ ժամանակահատվածում գործընթացն օգտագործում է բացառապես քարոզչական նպատակներով։ «Թուրք գործընկերները» առիթը չեն կորցնում Հայաստանի նախագահին անհարմար վիճակի մեջ դնելու։ Ինչ արժեր միայն վարչապետ Էրդողանի հայտնի հայտարարությունը, թե Հայաստանը պետք է դադարի կառավարվել սփյուռքից, որից որևէ իրական շահ ունենալ չի կարող։ Այն պահին, երբ Հայաստանի նախագահը Փարիզում հավաքված եվրոպական հայկական համայնքների ներկայացուցիչներին փորձում էր հիմնավորել, որ նախաստորագրված արձանագրություններում նախապայմաններ չկան, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, Նախիջևան ժամանելով, իր հերթին հայտարարեց, թե Անկարան միշտ պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարը և ակնկալում է, որ նրա «օկուպացված տարածքները հնարավորինս արագ կազատվեն ու կվերադարձվեն օրինական տիրոջը»։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ նման դրսևորումները չէին կարող իրենց ազդեցությունը չթողնել սփյուռքյան համայնքներում Հայաստանի նախագահի հանդիպումների վրա, որովհետև դժվար է հայրենակիցներիդ ինչ-որ բանում վստահեցնել, երբ նույն պահին միջպետական բանակցությունների մասնակից հակառակ կողմը հայտարարում է այնպիսի բաներ, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորվում բանակցային նորմալ գործընթացի տրամաբանության մեջ։
Ի դեպ, այդ կապակցությամբ նկատելի էր ևս մեկ հանգամանք. Հայաստանի նախագահի դիրքորոշումն էլ սկսեց ընդունել կոշտացման երանգներ։ Մասնավորապես, Փարիզում իրեն ուղղված հարցին, թե որքանո՞վ կարելի է վստահ լինել, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը թուրքական կողմի նախապայմաններից մեկը չէ, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ղարաբաղյան հարցի արագ լուծման համար նախադրյալներ չկան։ Հայաստանի նախագահն արձանագրեց, որ չնայած բանակցային ակտիվ գործընթացին, այդ կապակցությամբ որևէ փաստաթղթի ստորագրումը մոտ ժամկետում ակնկալելը իրատեսական չէ։ Սա կարելի է գնահատել իբրև որոշակի պատասխան թուրքական շահարկումների։
Ինչևէ։ Փաստ է, որ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները ներհայաստանյան հիմնախնդրից բավական արագ ու դինամիկ կերպով վերածվում են համահայկական հարցի։ Եվ խնդիրը նաև այն է, որ հայաստանյան ընդդիմությունն անցած ամսվա ողջ բանավեճի ընթացքում, համենայն դեպս, կարողացավ բավականաչափ հիմնավորել իր առարկությունները, մինչդեռ իշխանության, նրան սատարող ուժերի թևում, առանձին անհատներից զատ, գրեթե չգտնվեցին բավականաչափ հեղինակավոր քաղաքական դեմքեր, որոնք կարողանային հանդես գալ լուրջ հիմնավորումներով։ Լավագույն օրինակ կարող են ծառայել այս հարցով հրավիրված խորհրդարանական լսումները, որոնք դաշնակցության ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը կազմակերպեց «Ժառանգության» «փոխանցումով». երկու ուժերն էլ բավական նախապատրաստված հանդես եկան այդ լսումներում, ներգրավեցին մասնակիցների լայն շրջանակ՝ գիտական աշխարհի ներկայացուցիչներից, հասարակական կազմակերպությունների ու արվեստի գործիչներից։ Եվ գրեթե բոլորն էլ հանդես էին գալիս քաղաքական առումով բավականին հիմնավոր ու փաստարկված ելույթներով։ Մինչդեռ իշխանությունը, ի դեմս ՀՀԿ որոշ գործիչների, սկզբում ուղղակի ժխտում էր լսումների անցկացման նպատակահարմարությունը։ Իսկ հետո, երբ դրանից խուսափել չհաջողվեց, իշխանական թևի ներկայացուցիչների կամ արձանագրությունների ստորագրման անհրաժեշտությունը պաշտպանող անձանց մեծամասնությունը լսումներին ներկայացավ գրեթե անպատրաստ. շատ քիչ էին հիմնավորված ու փաստարկված ելույթները, մեծ մասը բավարարվում էր պարտք կատարողի նման հերթապահ արտահայտությունների արտասանությամբ, որոնք ընդդիմախոսները սրամտորեն բնութագրեցին իբրև կենացներ հայ-թուրքական բարեկամության մասին։
Այլ կերպ ասած, իշխանական թևում նույնիսկ այսպիսի պատասխանատու փուլում չհաջողվեց հավաքել պատրաստված թիմ, որը կարողանար նախագահի կողքին կանգնելով պաշտպանել ու հիմնավորել նրա քաղաքականությունը։ Իշխանական համակարգը մի անգամ ևս ցույց տվեց իր անչափ խոցելիությունը, ապացուցելով, որ պատգամավորական մանդատների ու պաշտոնների բաշխումը ժամանակին իրականացվել է, մեղմ ասած, ոչ այնքան քաղաքական պատրաստվածության, առհասարակ, որևէ ոլորտում պրոֆեսիոնալ գիտելիքների չափորոշիչներից ելնելով։ Նաև տնտեսական առումով, որովհետև ամբողջ իշխանական դաշտից մինչ օրս չգտնվեց որևէ տնտեսագետ, որն իր վրա վերցներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից բխող հնարավոր տնտեսական օգուտների վերաբերյալ նույնիսկ ամենահամեստ զեկույցի պատրաստումը։ Եթե, ասենք, ՀՅԴ-ն յուրաքանչյուր միջոցառման ժամանակ ասպարեզ էր բերում դեռևս այս տարվա ամռանը նախապատրաստված և դեռ Ստեփանակերտում կայացած խորհրդաժողովում ներկայացված Դավիթ Լոքյանի փորձագիտական ուսումնասիրությունը հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների հնարավոր վնասների մասին Հայաստանի համար, իշխանական թևից այդպես էլ ասպարեզում չհայտնվեց հակառակ փաստաթղթային հիմնավորմամբ հանդես եկող որևէ պաշտոնյա կամ տնտեսագետ։
Շախմատում թագավորն ուժեղ է, երբ խաղում են նրա կողքի բոլոր մյուս ֆիգուրները՝ զինվորները, նավակները, փղերը, թագուհին։ Թագավորը միայնակ շատ խոցելի ֆիգուրի է վերածվում։ Ցավոք, շատերի վկայությամբ, լավ շախմատ խաղալով, Հայաստանի նախագահն այսօր ինքն է հայտնվել միայնակ խաղացող թագավորի վիճակում։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1673

Մեկնաբանություններ